Sunday, February 26, 2012

Հոգնել ու զզվել եմ հասարակությունից...

Ամբողջ ժամանակ մեջս էի պահում, բայց հիմա վերջ ասելու եմ:
Հոգնել եմ այն հասարակությունից, որտեղ ապրում եմ: Հոգնել եմ ամեն օր 5000 հոգու մեջ մի նորմալ, պայծառ դեմք փնտրելուց: ԶԶվել եմ, որ ամեն մի անգրագետ իրավունք է վերապահում բարոյական խրատներ տալ մյուսներին, այնինչ անբարոյական սատկում են: ԶԶՎԵԼ եմ, որ տեսնում են անասուն ծնողները ծեծում են փողոցի մեջտեղում իրենց երեխաներին: Ատում եմ էն մարդկանց, որոնք կենդանիներին խփում են...
Կարճ ասած հոգնել ու զզվել եմ հասարակությունից...

Monday, February 6, 2012

Ազգս լրիվ է գժվել


Երկու շաբաթ առաջ փողոցում հանդիպեցի թերթ վաճառող մի աղջիկ երեխայի: Կլոր փայլուն աչքերով, ժպտերես և այնքան մարդամոտ: Այնքան ինձ հետաքրքրեց նա, որ որոշեցի նրա մասին հոդված գրել: Սկզբում թույլտվություն հարցրեցի նրա հայրիկից, ով երևի իրենց տան միակ մի գրամ ինտելեկտ ունեցողն է: Նա համաձայնեց, ոգևորվեց և ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի այդ կապակցությամբ: Աշխատանքիս բերումով ձգձգվեց աղջկա հետ հարցրազրույցը: 
Հետո ամեն օր գնում էի հրապարակ ամենաքիչը 2 ժամ սպասում, որ հանդիպեմ նրանց, սակայն այդպես էլ չէի հանդիպում: Մի օր շտապում էի աշխատանքի, հանդիպեցի հոր և աղջկա: Բացատրեցի, որ հիմա զբաղված եմ, հետո կխոսեմ նրան հետ, իսկ նրանք հրավիրեցին իրենց տուն, որպեսզի տանը անցկացնեմ հարցազրույցս և պատրաստեմ հոդված: Աղջիկն էլ խոսակցության յուրաքանչյուր երկրորդ վարկյանին հարցնում էր, որ հավաստիանար, որ գնալու եմ:
Այսօր՝ պայմանավորված ժամին գնացի: Վա
¯յ այդ գնալս…
Դուռը թաքելուցս հետո դռան շեմին հայտնվեց մազերը գզգզված, հնամաշ շորերով մի կին: Տան տիկինն էր՝ աղջկա մայրը: Տան խոնավության և աղտոտվածության հոտը միանգամից քթից խփեց: Երբ պատմեցի, թե ինչու եմ եկել, որ ունեմ պայմանավորվածություն և այլն, նա քաշեց թևիցս և մտցրեց իրենց բնակարան, որտեղ այնպես թափթփված էր, որ հազիվ կարողացա մի մաքուր տեղ գտնել և կանգնել: Շորերը լցված էին իրար վրա մի տեղում: Մի սենյակից մյուսը անցնելու համար երեխաները օգտագործում էին Մաուգլիի հնարքները: Պատերը մրոտված էին, իսկ տան գարշոհոտի մասին արդեն ասացի:
Նա չէր լսում, թե ես ինչ եմ ասում, միայն գոռում էր: Անկեղծորեն այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ասում: Բայց յուրաքանչյուր 2-րդ բառը դա. «մարդս կուզե խայտառակ էնէ ընձի, կուզե ընպես էնէ, որ սաղ իմանան օր ինքը փող կմուրա, կուզե ցույց տա սաղին, օր երեխեքը թքած ունին վրես»: Ես միայն ասում էի, թե չի ուզում, որպես ծնող դեմ է, ուրեմն ոչինչ էլ չեմ անի: Ինչքան ուզում էի բացատրեի, միևնույն է, նա չէր հասկանում: Բայց «ամենահետաքրքիրը» եղավ այն ժամանակ, երբ հարևաններին կանչեց իրենց բակի հրապարակ: Մի կերպ հարևանները կարողացան համոզել, որ ինձ բաց թողնի, սակայն նա որոշեց ճանապարհել ինձ: Ճանապարհին ինչ-որ հեռախոսի համարներ էր տալիս, ասում էր զանգի իմ կենսագրականից տեղեկացի: Հետո կրկնում էր, որ եթե մի բան իմանամ կամ գրեմ իր ընտանիքի մասին ինձ դատի կտա: Որոշեց զանգել, բոլոր շաբաթաթերերին և հեռուստաընկերություններին, որպեսզի իր բողոքն արտահայտի այս կապակցությամբ: Երկար-բարակ չպատմեմ, մի կերպ ազատվեցի նրա «ճանկերից»: Քայլում էի տուն, երբ նրա որդին վազելով հասավ ինձ և խնդրեց, որ վաղը ժամը 2-ին գնամ իրենց տուն: Մերժումիցս հետո նկատեցի, թե ինչպես մայր և որդի ուշադիր հետևում են ինձ՝ իմանալու, թե որտեղ եմ ապրում: Փրկության հասավ Շառիկը՝ իմ շունը: Ումից վախեցած հետ դարձան:
Մնում է ինձ միայն աղոթել, որ ազգս գժության ճանապարհից շեղվի:

Saturday, February 4, 2012

Աղ ցանենք, օգնենք քաղաքապետին


Փետրվարի 4-ին, ժամը 17:00-ին Գյումրիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք պահանջում էին սառցակալած փողոցների և մայթերի հալեցում: Նրանց երթը սկսվեց Գյումրիի 10-րդ դպրոցից և ավարտվեց քաղաքապետարանի մոտ: Յուրաքանչյուրն իր հետ վերցրել էր մի քանի տուփ աղ և ամբողջ երթի ճանապարհին լցնում էին սառցակալած փողոցներին և մայթերին: Այն հարցին, թե ինչու են որոշել կազմակերպել նման ակցիա, երիտասարդներից մեկը նշեց. §Քանի որ ակամայից դարձել ենք էքստրիմի սիրահար այս փողոցներում և տեսնում ենք, թե ինչպես է անտերության մատնված, այս կերպ փորձում ենք ազդել պաշտոնատար անձանց վրա և պահանջել մեր քաղաքի բնակիչների համար անվտանգ փողոցներ¦: Ամբողջ ընթացքում երիտասարդներին ողջունում և շնորհակալություն էին հայտնում անցորդները, ինչպես նաև վարորդները:
Հասնելով քաղաքապետարանի մոտ՝ նրանք շենքի շրջակայքը նույնպես լցրեցին աղով, իսկ հետո բոլոր աղի տուփերը, համապատասխան կոչի ցուցանակներով կախեցին քաղաքապետարանի դռներին: Սակայն դրանք երկար կախված չմնացին: Քաղաքապետարանի աշխատակիցը դուրս եկավ և հայհոյելով, պատառոտելով տուփերը և աղտոտելով շրջակա միջավայրը՝ փորձեց երիտասարդներին սանձել և վթարել իրենց իսկ քաղաքի հրապարակից: Երիտասարդ ակտիվիստները հավաքեցին քաղաքապետարանի աշխատակցի կողմից պատառոտված և ամբողջ տարածքով մեկ տարածած ամբողջ աղբը նշելով.
§Մենք քաղաքապետարանի նման §խոզ¦ չենք, մենք սիրում ենք մեր քաղաքը¦:

Անի Դավթյան

Մանրամասն Հայկ Բարսեղյանի պատրաստած տեսանյութում



Wednesday, February 1, 2012

Էքստրասե՞նս ես մտիր Բիլայնի գրասենյակ, չէ՝ սպասիր անվերջ հերթիդ


Պարզվում է Գյումրիի beeline գրասենյակ այցելողները պետք է էքստրասենսներ լինեն:  Փչացել էր հերթական թվերով կանչելու զմբռդիչը: Երբ մի կին, հոգնած ժամերով հերթում սպասելուց և նկատելով, որ արտահերթ սպասարկվում են ոմանք, մոտեցավ աշխատակցին և փորձեց բացատրություն պահանջել, թե ինչ սկզբունքով են կանչում հաճախորդներին, վերջինս ասաց՝ թվերով: Իսկ կինը հարցրեց, թե ինչպես են թվերով կանչում, որ ինքը չի լսում և չգիտի ինչքան սպասի: Աշխատակիցը շլացնող պատասխան տվեց.
-Ես մտքումս ասում եմ թվերը և գիտեմ հերթականությունը...
Փաստորեն մենք էլ՝ հասարակ մահկանացուներս պետք է հատուկ ձևերով կռահենք, թե նրա մտքում ինչ թիվ է և մոտենանք մեր հարցերը լուծելու....


Saturday, December 17, 2011

Պոլիկլինիկան և մենք


Առողջապահության առաջնային պահպանման կենտրոններ կամ ինչպես մենք ենք սովոր ասելու «պոլիկլինիկաներ»: Գրեթե բոլորս գեթ մեկ օր հաճախել ենք  պոլիկլինիկա, որտեղ մեզ սպասում են մեր ընտանեկան բժիշկները, ում ընտրելու ենք մենք, բայց որպեսզի հավասարաչափ բաժանվեն մարդիկ բժիշկների միջև, չգիտես ինչու, ընտանեկան բժիշկն է ընտրում իր հիվանդներին, կարծես զգալով, որ միայն ինքը կարող է մեզ օգնել, բժշկել: Մտնում ենք մի այնպիսի շինություն, որտեղ 10 րոպեից ավել մնալու դեպքում անպայման մի հիվանդություն հաստատ ձեռք կբերենք, հետո հանդիպում ենք հերթերի,  ոչ բարյացկամ և անբարեխիղճ վերաբերմունքի: 
Առաջին անգամ որոշեցի այցելել Գյումրիի պոլիկլինիկաներից մեկը: Իհարկե հանդիպեցի ժամերով իրենց բժիշկներին սպասող մարդկանց, այնքան ցուրտ էր միջանցքներում, որ նույնիսկ աշխատակազմը իրենց վերարկուներով էին շրջում, իսկ երեխաները սառած ձեռքերով սպասում են, թե երբ են վերջապես դուրս գալու այդ շենքից: Ես էլ որոշեցի հերթի մեջ կանգնել և սպասել, թե երբ է գալու բժիշկը, դռան վրա փակցված էր, որ նա գալու է ժամը 13:00-ին և գնալու է 16:00-ին: Մարդիկ ժամը 12:00-ից եկել հերթ էին պահել, որ բժշկի գալուն պես, իրենք կարողանան ստուգվել: Սակայն 13:45 էր և դեռ բժիշկը չկար, նույնիսկ սպասողներից մեկն ասաց «Քուր ջան իրենց հավեսով է գուզեն գուկան, գուզեն չէ»: Անբարեկարգ շենքը, կեղտոտ սանհանգույցը միանգամից ինձ դուրս մղեցին այնտեղից:
Շատերս ընտանեկան բժիշկ ասելով հասկանում ենք` ընտանիքին ընկեր, ով միշտ օգնելու է, երբ որևէ ընտանիքի անդամ իրեն վատառողջ է զգում:  Լսել ենք նաև բարեխիղճ և նվիրված բժիշկների մասին, սակայն շատ քչերն են: Վերջապես ե
՟րբ են պատկան մարմինները ուշադրությունները սևեռելու այս կառույցներին և ո՟վ է վերահսկելու, որ մեր հարկերից առաջացած բյուջեից աշխատավարձ ստացող առողջապահության առաջնային պահպանման կենտրոնները կատարեն իրենց աշխատանքը բարեխղճորեն:
Ստորև ներկայացնում եմ որոշ հատվածներ Գյումրիի պոլիկլինիկներից մեկում կատարած իմ այցելությունից: